24 դեկտեմբերի 2012 - 17:58 AMT
Հիմնվելու է արտակարգ իրավիճակների թանգարան

Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻ նախարարությունից:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԻ նախարարության նոր, 9-հարկանի մասնաշենքի կահավորման, տեխնիկական հագեցվածության և աշխատակիցների տեղափոխման հարցերը։

Անցած շաբաթվա ընթացքում ԱԻՆ մասնաշենքերում ավարտվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ պայմանների հետ կապված վերանորոգման աշխատանքները, կառուցվել են նոր թեքահարթակներ` շենքերի բոլոր հատվածներում նրանց հարմար տեղաշարժն ապահովելու համար։ Պայմանավորվածությունների համաձայն` կտրամադրվի հատուկ միկրոավտոբուս, որն ԱԻՆ համակարգում աշխատանքի ընդունված հաշմանդամներին կտեղափոխի աշխատավայր։ Մրցույթի առաջին փուլով նախնական հարցազրույցն անցած հաշմանդամների համար շուտով կսկսվի վերապատրաստման գործընթացը։

ԱԻ նախարար Ա. Երիցյանի նախաձեռնությամբ` նախարարության մասնաշենքերից մեկում կստեղծվի Արտակարգ իրավիճակների թանգարան, որտեղ ներկայացված կլինեն ԱԻՆ կազմում ընդգրկված բոլոր ծառայությունների պատմությունը, անցած ուղին, արխիվային նյութերը, հին տեխնիկական միջոցները և այլն։