25 դեկտեմբերի 2012 - 10:14 AMT
Արսեն Ջուլֆալակյանը 2012 թվականի Հայաստանի լավագույն մարզիկն է

Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով 2012 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբիշ Օլիմպիական խաղերի արծաթե և Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը: Հարցմանը մասնակցել են 30 լրագրողներ, և Ջուլֆալակյանը հավաքել է 294 միավոր: Երկրորդ տեղում է հունահռոմեական ոճի ըմբիշ Եվրոպայի չեմպիոն և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը (250 միավոր), երրորդ տեղում է ծանրորդ Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը (226 միավոր):

Չորրորդ տեղում է շախմատի համաշխարհային Օլիմպիադայի հաղթող, ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի 2-րդ համար և միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող Լևոն Արոնյանը: Տասնյակում են նաև Եվրոպայի չեմպիոն հրաձիգ Երջանիկ Ավետիսյանը, ձյուդոյի Եվրոպայի փոխչեմպիոն Հովհաննես Դավթյանը, շախմատի համաշխարհային Օլիմպիադայի հաղթող Վլադիմիր Հակոբյանը, Եվրոպայի բրոնզե մեդալակիր մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը, Օլիմպիադայում 4-րդ տեղ զբաղեցրած թայեքվանդիստ Արման Յերեմյանը և Եվրոպայի բրոնզե մեդալակիր սամբիստ Վաչիկ Վարդանյանը:

Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են ևս 13 մարզիկների անուններ` ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան, Ռոման Բերոզովսկի, Սարգիս Հովսեփյան, Արաս Օզբիլիս, ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյան, սամբիստներ Մխիթար Մխիթարյան, Տիգրան Կիրակոսյան, հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրի Պատրիկեև, շախմատիստներ Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսիսյան, ծանրորդ Հայկ Հակոբյան, բռնցքամարտիկ Նիկոլ Հարությունով: