25 դեկտեմբերի 2012 - 15:33 AMT
Դանիել Պետրոսյան. Առաջարկում ենք կրոնական ոստիկանություն ստեղծել

Հայաստանում պարարտ հող է ստեղծված արևմուտքից եկող բոլոր աղանդների համար: Մինչև «Խղճի, մտքի, դավանանքի ազատության մասին» կոնվենցիային միանալն էր պետք ոլորտը կարգավորել, ինչպես եվրոպական պետություններն արեցին: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Երիտասարդական Միացյալ Լիգայի համանախագահ Դանիել Պետրոսյանը:

Նրա խոսքով, եթե ոչինչ չձեռնարկվի, պահանջելու են Կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասատրյանի հրաժարականը:

«Վարդան Ասատրյանն ասում է` չեն կարող ցույց տալ, որ այդ կազմակերպությունները շեղումներ են առաջացնում: Կամ չեն ուզում աշխատել, կամ Եվրոպան չի թողնում, կամ այլ շահ ունեն», - ասաց Դանիել Պետրոսյանը:

Երիտասարդական Միացյալ Լիգայի մյուս համանախագահը` Սևակ Հովհաննիսյանը բժշկական տեսանկյունից փաստում է, որ շեղումներ առաջանում են ու առաջարկում է քայլեր ձեռնարկել` իրավական կողմն ապահովելու համար: Առաջին հերթին կրոնական ոստիկանություն ստեղծել, որի կազմում կլինեն հատուկ պատրաստված մասնագետներ: Նրանք կկարողանան հիմնավորել կրոնական դրդապատճառներով հանցագործությունները: Կրոնական ոստիկանություն գործում է Ֆրանսիայում: Հայաստանում ոստիկանությունը մերժել է առաջարկը` հիմնավորելով, որ կարիք չկա, ոստիկանությունը կարող է այդ գործառույթներն իրականացնել:

«Բայց մինչև օրս ոչ մի անգամ չի հիմնավորվել այս կամ այն հանցագործության աղանդավորական հիմքը», - ասաց Դանիել Պետրոսյանը և տեղեկացրեց, որ նույն առաջարկով դիմել են նախագահին:

Նրա խոսքով՝ ԱԺ-ում սառեցվող օրենքների նախագծերի, առաջարկներին զուգահեռ նորերը պետք է առաջադրել` հոգեորսության սահմանումը տալու, քրեական օրենսգիրքը խստացնելու համար: