28 հունիսի 2005 - 08:09 AMT
ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ՊԱՏՃԵՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՐԵԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանին իր հավատարմագրերի պատճեն է հանձնել Հայաստանում Կորեայի նորանշանակ դեսպան Կիմ Ջեյ Սապը (նստավայրը` Մոսկվա), տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Վ.Օսկանյանը շնորհավորել է դիվանագետին նշանակման կապակցությամբ եւ հաջողություն մաղթել բարձր առաքելության մեջ: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները եւ հեռանկարները, նշել են այն ոլորտները, որոնցում համատեղ ջանքերով այսօր իսկ հնարավոր է համագործակցության բարձր ցուցանիշներ արձանագրել: Այդ առումով երկուստեք կարեւորվել է իրավապայմանագրային համապատասխան դաշտի ապահովումը, արտաքին գերատեսչությունների միջեւ կանոնավոր խորհրդատվությունների կազմակերպումը, ինչպես նաեւ մասնավոր սեկտորների միջեւ փոխշփումների խրախուսումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային մի շարք հարցերի, մասնավորապես, ՄԱԿ-ի առաջիկա բարեփոխումների շուրջ: Կիմ Ջեյ Սապը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել հայ-կորեական հարաբերությունների մակարդակը եւ կարեւորել է ասիական երկրների հետ Հայաստանի առավել լայն գործընկերության հաստատումը: