26 դեկտեմբերի 2012 - 13:37 AMT
Արթուր Աբրահամը Նոր Տարին կդիմավորի Հայաստանում

Սուպեր միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ժամանել է Հայաստան, որպեսզի դիմավորի Նոր Տարին:

«Ամեն մենամարտից հետո ես պարտադիր գալիս եմ այստեղ, սակայն այս անգամ նաև եկա, որպեսզի ընկերներիս ու հարազատներիս հետ անցկացնեմ Ամանորը: Շատ ուրախ եմ, որ Երևանում եմ ու այսպիսի ուրախ տոներին այստեղ եմ լինելու»,- ասաց բռնցքամարտիկը:

Աբրահամը խոստովանեց, որ 2012 թվականն իր համար հաջող տարի էր` կարողացավ հաղթել Ռոբերտ Շտիգլիցին և տիրանալ չեմպիոնական գոտուն, ինչպես նաև հաջող պաշտպանել այն Մեհդի Բուադլայի հետ մենամարտում:

«Շատ կցանկանամ, որ 2013-ն էլ այնքան հաջող դասավորվեր ինձ համար, ինչպես 2012-ն էր: Իսկ մեր ժողովրդին ցանկանում եմ, որ նրանց բոլորի նպատակներն իրականանան, ինչ խնդիրներ դրել են իրենց առջև լուծեն: Թող հաջող տարի լինի բոլորի համար, և մեր հայ ազգն ապրի ուրախ օրեր»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց Աբրահամը: