26 դեկտեմբերի 2012 - 15:33 AMT
ՀՅԴ-ն կարող է սատարել ցանկացածին՝ բացի իշխանության թեկնածուից

Գալիք նախագահական ընտրություններում ՀՅԴ-ն սեփական թեկնածուով հանդես չի գա, սակայն չի բացառվում, որ Դաշնակցությունը սատարի թեկնածուներից որևէ մեկին: ՀՅԴ-ն կարող է սատարել ցանկացածին՝ բացի իշխանության թեկնածուից: Իսկ թե դեպի ում է այս կուսակցությունն ուղորդելու իր համակիրների ձայները, դեռ հայտնի չէ: «Զարգացումները մինչև վերջ կանխատեսել հնարավոր չէ: Մենք որևէ տարբերակ չենք բացառում՝ այդ թվում գնալ ընտրություններին և որևէ մեկի օգտին չքվեարկելը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Եթե ՀՅԴ-ն թեկնածու չի առաջադրում նախագահական ընտրություններում, դա չի նշանակում, որ մի կողմ ենք քաշվելու այս ընտրական գործընթացներից: Նման կարծիք հայտնեց ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը:

Ըստ նրա՝ ավելի անաչառ և ավելի անկողմնակալ դիրքերից խնդիրներ են դնելու և պահանջելու են, որպեսզի ընտրություններին մասնակցողները հաշվի նստեն հասարակական այն պահանջների հետ, որոնք ներկայացված են իրենց յոթ կետերում: Նրա նկատեց, որ դրանք պետք է դառնան ուղենիշ և ապագա նախագահը պետք է հաշվի նստի առաջարկների հետ: