28 հունիսի 2005 - 09:27 AMT
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀՀ-ՈՒՄ ԿՈՐԵԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Կիմ Ջեյ Սապը (նստավայրը` Մոսկվա), տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է դեսպանին եւ հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման օրոք հայ-կորեական կապերում առաջընթացի նոր փուլ կարձանագրվի: Նախագահի խոսքով, թեեւ անցած տարում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը գրեթե կրկնապատկվել է, սակայն այդ ցուցանիշը դեռեւս փոքր է առկա հնարավորությունների համեմատ: Ուստի անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այդ հնարավորությունները լիարժեք իրացնելու ուղղությամբ: Իր հերթին, Կիմ Ջեյ Սապը կարեւորել է երկկողմ հարաբերություններում տնտեսական համագործակցությանը մեծ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը: Ընդսմին, նա ավելացրել է, որ առավելագույն ջանքեր կներդնի հայ-կորեական հարաբերություններն ընդլայնելու գործում: