Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Բաքու կատարած երկօրյա այցելության շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է գազի սակագնի նվազեցման հարցը:
Էներգետիկայի վերաբերյալ բանակցությունների մանրամասներն առայժմ չեն հաղորդվում:
Բնական ռեսուրսների և էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն ևս այցի ակտուալ հարցերից է համարում գազի սակագնի նվազեցումը: Նախարարի հայտարարությունների համաձայն, գազի և վառելիքի հարցը կմանրամասնվի Ադրբեջան կատարած այցից հետո:
Վրաստանի վարչապետը կքննարկի նաև Դավիթ Գարեջիի սահմանային հարցը: Նախատեսվում է Իվանիշվիլիի հանդիպումը Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ:
Քննարկման ենթակա հարցերի թվում է նաև Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցման հարցը: Իվանիշվլին գտնում է, որ այդ շինարարությունը այս կամ այն փուլում կարող է վնասակար լինել Վրաստանի համար:
Պատվիրակությունը Թբիլիսի կվերադառնա դեկտեմբերի 27-ին: