27 դեկտեմբերի 2012 - 12:45 AMT
Էպոսագետը շնորհակալ է Քոչարյանին և Տեր-Պետրոսյանին՝ իր ճանապարհին արհեստական խոչընդոտներ չստեղծելու համար

ՀՀ նախագահի թեկանածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը հրապարակավ շնորհակալություն է հայտնում ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին՝ չառաջադրվելու և իր քարոզարշավի ու հաղթանակի ճանապարհին արհեստական խոչընդոտներ չստեղծելու համար: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին չառաջադրվելու համար նա շնորհակալություն չի հայտնում, նրան Ծառուկյանը չի հետաքրքրում, ԲՀԿ-ն իր համար քաղաքական կուսակցություն չէ, այն ՀՀԿ-ի դուստր ձեռնարկություն է:

«Այն, որ իմ նախագահ դառնալուց հետո Հայաստանի երեք նախագահները դառնալու են իմ խորհրդականները, գրեթե հաստատվում է: Առաջին երկուսի հարցը կարելի է համարել փակված»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վարդան Սեդրակյանը: Ինչ վերաբերում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ապա, էպոսագետ-թեկնածուն համոզված է, որ նա քաղաքակիրթ պայքարում կպարտվի և նույնպես կդառնա իր խորհրդականը: