Զենքի հոսքը Սիրիա «պետք է դադարեցվի, ինչը թույլ կտա կասեցնել բռնությունը», դեկտեմբերի 27-ին հայտարարել է ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Հանդես գալով Դամասկոսում տեղի ունեցած մամլո ասուլիսում՝ նա ասել է, որ «ոչ ոք չի սատարում ծայրահեղական խմբավորումների գործունեությանը Սիրիայի տարածքում»: Ալժիրցի դիվանագետը կոչ է արել բոլոր նրանց, ով կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը, իր լուման ներդնել այդ գործընթացում:
Ըստ Բրահիմիի, ճգնաժամի ռազմական լուծումը «կհանգեցնի սիրիական պետության ոչնչացմանը»:
«Հաղթողներ այս պատերազմում չեն լինի»,-ասել է նա՝ զգուշացնելով Սիրիայում «իրաքյան սցենարի» կրկնությունից: Նրա կարծիքով, հարկավոր է «պահպանել պետական ապարատը»:
Բրահիմին հաստատել է, որ քննարկել է Դամասկոսում «լայն լիազորություններով անցումային կառավարության ձևավորման հարցը, որը կնախապատրաստի ու կանցկացնի համընդհանուր ընտրություններ»: