28 դեկտեմբերի 2012 - 10:24 AMT
Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Աբգարյանը Նոր Տարին դիմավորելու է բանակում

Այս տարվա դեկտեմբերին Կալինինգրադում կայացավ Եվրոպայի բռնցքամարտի մինչև 23 տարեկանների առաջնությունը: Հայ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանն այս առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ:

Աբգարյանը զինծառայող է, և արդեն երկրորդ տարին է, որ Ամանորը նշելու է բանակում:

«Անցած տարին լավ անցավ, բայց այս անգամ ավելի ուրախ կլինի, որովհետև Եվրոպայից մեդալով եմ վերադարձել և նշելու կրկնակի առիթ կունենամ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց մարզիկը:

Աբգարյանը խոստովանեց, որ 2012-ն իր համար լավ տարի է եղել, և նա ուրախ է, որ կարողացել է մեծահասակների առաջնությունում մեդալ նվաճել:

2013-ին նա պատրաստվում է մասնակցել Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, և ցանկանում է, որքան հնարավոր է լավ ելույթ ունենա և մեդալներով վերադառնա Հայաստան. «Ես ի սրտե մեր բոլոր հայերին մաղթում եմ առողջություն և երջանկություն: Իսկ մեր բոլոր զինվորներին` խաղաղ ու հանգիստ ծառայություն»: