28 դեկտեմբերի 2012 - 12:38 AMT
Սարգիս Հովսեփյան. Բոլորին առողջություն, շատ փող և անսահման երջանկություն եմ մաղթում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը, որը 2012 թվականին հայտարարեց իր մարզական կարիերայի ավարտի մասին, Նոր տարին նշելու է ընտանիքի հետ, քանի որ այն համարում է ամենաընտանեկան տոներից մեկը:

«Նոր տարին սեղանի շուրջ ենք դիմավորում, այնուհետև քույրիկներս են մեզ միանում, իհարկե, ամանորյա գիշերը նաև հյուրեր ենք ունենում: Մեր ընտանիքն էլ տոները նշում է բոլոր հայերի պես»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է նա:

Հովսեփյանը փորձում է միշտ սպասելի նվերներ անել` նախապես իմանալով, թե ով ինչ է ցանկանում ստանալ: Ըստ նրա, երբ որևէ մեկի ցանկությունը կատարում ես, ավելի ես ուրախանում:

Նրա խոսքով, 2012-ը շատ լավ և բարի տարի էր իր համար. «Կարևորը Հայաստանում ամեն ինչ խաղաղ էր, և մեր ժողովուրդը հանգիստ անցկացրեց այն: 2013-ին բոլորին առողջություն, շատ փող և անսահման երջանկություն եմ մաղթում, իսկ մեր ֆուտբոլի հավաքականին` հաջող ելույթներ»: