28 դեկտեմբերի 2012 - 17:47 AMT
Լիբանանի ԱԳ նախարար. Բեյրութը որդեգրել է սիրիական ճգնաժամից հեռու մնալու դիրքորոշումը

Լիբանանը որդեգրել է սիրիական ճգնաժամից հեռու մնալու դիրքորոշումը, հայտարարել է Լիբանանի ԱԳ նախարար Ադնան Մանսուրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Սիրիան կարևոր աշխարհագրական ու ռազմավարական տեղ ունի տարածաշրջանում և կայունության ու անվտանգության պահպանումն այդ երկրում բխում է ոչ միայն Լիբանանի, այլ նաև տարածաշրջանի այլ պետությունների շահերից…Լիբանանը որդեգրել է սիրիական ճգնաժամից հեռու մնալու դիրքորոշումը: Մենք չենք միջամտում Սիրիայի ներքին գործերին և չենք միջամտում որոշումների կայացման գործընթացին: Սակայն մենք չենք սատարում այն որոշումներին, որոնք ընդունվել են Սիրիայի դեմ: Հենց սկզբից մենք ասացինք, որ սիրիական կարգավորումը հնարավոր է միայն երկխոսության միջոցով, և դա է միակ ճանապարհը»,-ասել է Մանսուրը:

Նա աջակցություն է հայտնել Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմիի նախաձեռնությանը: