29 դեկտեմբերի 2012 - 14:39 AMT
«Սարդարապատ» շարժման ամանօրյա ուղերձը. Համախմբվենք համահայկական նպատակի շուրջ ու պայքարենք

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը շնորհավորում է Հայրենիքում և արտերկրում բնակվող հայությանը Ամանորի և Սուրբ Ծննդի գալիք տոների առթիվ` մաղթելով համազգային իղձերի իրականացում, իսկ յուրաքանչյուր հայ մարդուն` ամենայն բարիք ու երջանկություն:

«Սարդարապատ» շարժումն այս մաղթանքի իրականացումը հնարավոր է համարում միայն համահայկական նպատակի շուրջ համախմբման ու պայքարի միջոցով: Այս մասին ասված է շարժման տարածած հայտարարության մեջ:

Ինչպես հայտնի է՝ նախաձեռնող խումբը Նախախորհրդարան է ստեղծել, որով նպատակ ունի սահմանել ազգային նպատակներ ու խնդիրներ առաջադրելու և իրականացնելու ունակ կառավարման համակարգ ունեցող, հզոր և մրցունակ պետության ձևավորումն ու տևական զարգացումը:

«Քրեաօլիգարխիկ համակարգի վերարտադրության հերթական` «նախագահական ընտրություններ» կոչվող փուլին մասնակցելը համարժեք է հանցակցության: Միևնույն ժամանակ` առկա քաղաքական դաշտի ճահճացումը որպես անելանելի ողբերգական վիճակ ներկայացնելն ու դասական պասիվ բոյկոտ հայտարարելը նույնպես հարցի բավարար լուծում չէ, այլ ընդամենը տիրապետող համակարգի դեմ անզորության խոստովանություն: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը դեռևս տատանվող բոլոր ազնիվ քաղաքական ուժերին և քաղաքացիական նախաձեռնություններին հորդորում է դուրս գալ ճահճացած քաղաքական դաշտից, հրաժարվել հանցավոր համակարգի սահմանած խաղի կանոններից և բոյկոտ հայտարարելուց բացի` ակտիվորեն մասնակցել Հիմնադիր խորհրդարանի ձևավորման այլընտրանքային գործընթացին»,- ասված է հայտարարության մեջ: