1 հուլիսի 2005 - 12:37 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ՏՏ ՈԼՈՐՏԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
2005 թվականի երրորդ եռամսյակից ՀՀ վիճակագարական ծառայությունը անցկացնելու է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վիճակագրություն: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը: Նման որոշում է ընդունվել ՀՀ վարչապետին առընթեր տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցերով Խորհրդի անցյալ նիստում: Նա նշել է, որ առաջին փուլը կլինի տվյալ ոլորտում աշխատող բոլոր հնարավոր կոմբինացիաների ներառումը «վիճակագրական» դաշտում: Տ.Դավթյանը հույս է հայտնել, որ մինչեւ տարեվերջ վիճակագրությունը լիովին «կթափանցի» Հայաստանի ամբողջ արդյունաբերությունը: Խոսելով տվյալ նախագծի դժվարությունների մասին` Տ.Դավթյանը նշել է, որ խնդիրների մեծ մասը լուծվել են ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) եւ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ջանքերով: «EIF-ի աջակցությամբ լրացվել են ՏՏ ձեռնարկությունների ցուցակները»,- տեղեկացրել է փոխնախարարը: Բացի այդ, Տ.Դավթյանը նշել է, որ դժվարություններ առաջանում են ՏՏ մշտական մասնատվածության պատճառով: Փոխնախարարի խոսքերով` կառավարությունը Համաշխարհային բանկից «խնդրել է» լրացուցիչ միջոցներ տրամադրել` տվյալ ոլորտի վիճակագրության կիրառման միջազգային փորձի ուսումնասիրման համար` զարգացող շուկայի պայմաններում: Տ.Դավթյանը տեղեկացրել է, որ նա մտահոգություն չունի հարկային հարաբերությունների առնչությամբ, քանզի ՏՏ ոլորտը երկրում ամենաբացերից մեկն է: