8 հունվարի 2013 - 16:22 AMT
Բոստոնի օդանավակայանում հրդեհվել է «երազանքի օդանավը»

Բոստոնի օդանավակայանում հրդեհվել է Boeing 787 Dreamliner ինքնաթիռը՝ «երազանքի օդանավը»: Ոչ ոք չի տուժել, հայտնում է Agence France-Presse-ը Japan Airlines ավիաընկերության վրա հղումով, որին պատկանում է օդանավը:

«Բոինգը» Բոստոն է ժամանել Տոկիոյից հունվարի 7-ին: Երբ բոլոր ուղևորներն ու անձնակազմը հեռացել են ինքնաթիռից, հավաքարարները ծխի հոտ են զգացել: Հրշեջները մեկ ժամվա ընթացքում մարել են ֆյուզելյաժի ստորին մասում բռնկված հրդեհը:

Ըստ ավիաընկերության, բռնկումը տեղի է ունեցել լրացուցիչ ուժային սարքում, որն օգտագործվում է միայն այն ժամանակ, երբ ինքնաթիռը երկրի վրա է: