Վառելափայտի գների թանկացման պատճառով Գյումրիի տնակային ավաններում բնակվող հարյուրավոր ընտանիքների համար ձմռան վառելիքի հայթայթման միակ վայրը դարձել են աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները:
Բազմաթիվ ընտանիքներ ամբողջ ամառ հավաքում են ձեռքերն ընկած իրերը` պլաստիկե շշեր, թուղթ, հնամաշ կոշիկներ, անվադողեր, շոր և այլն, որպեսզի կարողանան ձմռան ամիսներին մի կերպ տաքացնել վագոն-տնակները: Իսկ տնակներում նորմալ ջերմաստիճան ապահովելը բավական դժվար է:
Տնակներում ապրողերի համար պետությունը ձմռանը տնակը տաքացնելու համար որևէ սոցիալական արտոնություն չի տրամադրում:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի և ավստրալահայ բարերար Արամ Միքայելյանի կողմից տրամադրված օգնությունները բաժանելու նպատակով այցելել են Գյումրիի տնակային ավաններից մեկը:
Ներկայացվող տեսանյութը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա, վաղուց շարքից դուրս եկած տնակում բնակվող Անժիկի և իր երկրորդ երեխային սպասող Էլմիրա Հակոբյանների ընտանիքի մասին է: