9 հունվարի 2013 - 20:29 AMT
Ադրբեջանցի զինվորը, ծեծի ենթարկվելով, մահացել է. Մայրը ապացույցներ է ներկայացրել

Աբշերոնյան շրջանից զինծառայության զորակոչված զինվոր Ջեյհուն Գումբատովը հունվարի 8-ին մահացել է Դաշկեստանի զորամասերից մեկում:

Ինչպես հաղորդում է SalamNews-ը, զինվորի մայրը «Ազադլիղ» պարբերականին հաղորդել է, որ զորամասում իր որդին մահվան հասնելու աստիճանի ծեծի է ենթարկվել: Զոհվածի հարազատները պարբերականին լուսանկարներ են տրամադրել, որոնք արվել են դիահերձարանում: Ինչպես երևում է լուսանկարներում և տեսանյութում, հանգուցյալի վրա լուրջ վնասվածքներ կան:

1994թ ծնված Ջեյհուն Գումբատովն ընդամենը 3 ամսվա զինծառայող էր: Նա մեծացել է առանց հոր՝ մոր խնամակալության ներքո:

Ինչպես հաղորդել է ՊՆ մամուլի ծառայության պետ Էլդար Սաբիրօղլուն, Դաշկեստանի զորամասի զինծառայող Ջեյհուն Գումբատովի մահվան փաստի առնչությամբ Հանրապետական ռազմական դատախազությունում քրեական գործ է հարուցվել: