10 հունվարի 2013 - 18:03 AMT
Այս անգամ թուրքական «գիտությունը» թուրք է դարձրել Գյոթեին

Հանրաճանաչ գերմանացի բանաստեղծ Գյոթեն, ինչպես պնդում են ոմանք, ծագումով թուրք է եղել: Ինչպես հայտնում է SalamNews-ը, թուրքական ԶԼՄ-ների վրա հղումով, Գյոթեի ծագման հետազոտության արդյունքները ապշեցրել են բոլորին: Ըստ որոշ «հետազոտությունների», Գյոթեն սերում է Սելջուկների տոհմից: Այս պնդումները առկա են Արիֆ Արսլանի «Իսլամ՝ Գյոթե» գրքում:

Այս գրքում «արդյո՞ք Գյոթեն մահմեդական է եղել» հարցին, տրվում է հետևյալ պատասխանը. «Գերմանացի հայտնի փիլիսոփան գերված սելջուկ սպայի ժառանգն է, որին Գերմանիա են բերել Խաչակրաց արշավանքների ժամանակ»:

Իսկ Սբ Ծննդյան շեմին թուրք գիտնականները որոշել էին աշխարհին հիշեցնել, որ Սանտա Կլաուսի հայրենիքը ոչ թե Լապլանդիայի սառույցներն են, այլ «թուրքական Միրա քաղաքը»: Այնտեղ է ծնվել Սուրբ Նիկոլայը, որն էլ դարձել է մորուքավոր Սանտա Կլաոսւի նախատիպը: Ըստ առասպելի, Նիկոլայը օգնում էր աղքատներին՝ նրանց տների ծխնելույզներից մետաղադրամներ գցելով:

Վատիկանի ներկայացուցիչները Նիկոլայի մասունքները թաղել են իտալական Բարի քաղաքում դեռ 11-րդ դարում: Այժմ թուրք գիտնականները պահանջում են կաթոլիկ եկեղեցուց վերադարձնել դրանք թուրքական Դեմրե, որն այժմ կոչվում է Միրա: