11 հունվարի 2013 - 14:30 AMT
Հայրիկյանը Ադիբեկյանի հարցումների մասին. Նա փորձում է իշխանահաճո քայլեր ձեռնարկել

Շատ անհատներ հասարակությանն ու իշխանություններին այսօր մատուցում են արջի ծառայություններ, այդպիսի ծառայություն փորձում են մատուցել ոչ միայն իշխանությունների կողմից առաջ եկած թեկնածուները, այլև հասարակական կարծիք ձևավորող ու նման ծառայությունների հետ առնչվող անձինք։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախագահի պաշտոնի համար պայքարի մեջ մտած ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: «Ես Ադիբեկյանին լավ ճանաչում ու հարգում եմ։ Նա քաղաքական հարցումներ անցկացնելիս պետք է առաջնորդվի գիտական մոտեցումներով։ Ժողովրդավարական որևէ այլ երկրում ինչ-որ թեկնածու չի կարող 40%-ից ավելի ձայն ունենալ։ Եթե տվյալ թեկնածուն ունի 70% ձայն, դա արդեն ծանր հարված է պետության համար»,- ասաց Պարույր Հայրիկյանը: Ըստ նրա՝ գործող նախագահն ունի մոտավորապես 32% ձայն։ «Հետաքրքիր է, մեր հարգարժան սոցիոլոգը հաշվի առե՞լ է այս հանգամանքը»,- հարցեց ԱԻՄ առաջնորդը: Նա նաև նշեց, որ Ադիբեկյանը փորձում է իշխանահաճո քայլեր ձեռնարկել։