11 հունվարի 2013 - 14:49 AMT
Արթուր Բաղդասարյան. ԵՄ և Եվրասիական միության հետ համագործակցությունը չպետք է հակադրել

Հայաստանի համար տեղին չէ դեպի Եվրամիություն և Եվրասիական միություն ճանապարհները դնել հակադրության մեջ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ԵՄ-ին և Եվրասիական միությանն անդամակցելու շուրջ քննարկումներին:

«Մենք փոքր երկիր ենք և պետք է կարողանանք ճիշտ հարաբերություններ զարգացնել աշխարաքաղաքական կենտրոնների հետ»,- նկատեց նա: Արթուր Բաղդասարյանը հիշեցրեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի մասին: Նա նաև նկատեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմական դաշնակիցներ են: ՌԴ-ն Հայաստանի զինված ուժերի հետ միասին ստանձնել է ՀՀ սահմանների պաշտպանությը: «Ռուսաստանը եղել է և մնում է մեր այն գործընկերը, ում հետ հարաբերությունները պետք է խորացնենք, և չհակադրենք այլ պետությունների հետ համագործակցությանը: Մենք պետք է կարողանանք ճիշտ բանակցային գործընթացներ շարունակել աշխարհաքաղաքական կենտրոնների հետ: Hամագործակցության այդ ուղիները չպետք է հակադրել: Դրանք ուղղված չեն ոչ իրար, ոչ էլ երրորդ կողմի դեմ»,- պարզաբանեց Արթուր Բաղդասարյանը: