11 հունվարի 2013 - 15:15 AMT
Զինհոսպիտալում նորակոչիկի մահվան փաստով գործ է հարուցվել

2012 թ. դեկտեմբերի 23-ին զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում նորակոչիկ Նորայր Սահակյանի մահվան փաստի առթիվ Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: PanARMENIAN.Net-ի թղթակցին քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը տեղեկացրեց, որ քրգործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ):«Գործը նախաքննություն փուլում է: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն», - ասաց Մերի Սարգսյանը:

Նորայր Սահակյանի հայրը՝ Նվեր Սահակյանը, քրեական գործով ճանաչվել է որպես տուժողի իրավահաջորդ, նրա համար պարզաբանվել են Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված իր իրավունքներն ու պարտականությունները:

ՊՆ տեղեկատվության և հասարակաության հետ կապերի բաժնից տարածված հաղորդագրությունում նշված է, որ Նորայր Սահակյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն: