11 հունվարի 2013 - 15:24 AMT
Կտրամադրվեն լրացուցիչ տեխզննման կտրոններ

ՀՀ ֆինանսների նախարարությունը, ընդառաջ գնալով այն քաղաքացիներին, ովքեր 2012թ վերջին չեն կարողացել ձեռք բերել 2013թ տեխնիկական զննման կտրոններ, նախատեսում է տրամադրել անհրաժեշտ քանակությամբ տեխզննման կտրոններ:

Տեխզննման կտրոնները քաղաքացիները կարող են ձեռք բերել ս.թ. հունվարի 21-31-ը ընկած ժամանակահատվածում` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում 2012թ գույքահարկի զրոյական անդորրագիրը:

Տեխզննման կտրոնները կտրամադրվեն ՎՏԲ Հայաստան բանկի միջոցով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս Հայաստանի տարածքում ամենաշատ մասնաճյուղեր ունեցող բանկն է, ինչպես նաև կարևորելով այս պահին աշխատանքներն առավել օպերատիվ և կանոնակարգված կազմակերպելու անհրաժեշտությունը:

Մինչ այդ ժամանակահատվածը` հունվարի 31-ը, համաձայն Ճանապարհային ոստիկանության հետ ձեռք բերված համաձայնության, 2013թ տեխզննման կտրոններ չունեցող քաղաքացիների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չեն կազմվի, եթե վերջիններս ներկայացնեն 2012թ. գույքահարկի զրոյական անդորրագիրը, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարություն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: