8 հուլիսի 2005 - 08:28 AMT
ԱՀ ԱԳՆ ՓՈԽՂԵԿԱՎԱՐ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ԳՈՐԾԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԱՀԿ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Մինչեւ վերջնական խաղաղության հաստատումը Ադրբեջանը չի գործակցի Հայաստանի հետ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շրջանակներում: Այդ մասին հուլիսի 7-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդկուլիեւը: Նրա խոսքերով, դա չի հակասում ԱՀԿ դրույթներին: Փոխնախարարը համոզված է, որ Հայաստանը չի խանգարի Ադրբեջանին անդամակցել այդ կազմակերպությանը` ադրբեջանական կողմին «հաջողվել է պարտավորեցնել Հայաստանին չխոչընդոտել դրան»: Ըստ դիվանագետի, Հայաստանը անդամակցում է կազմակերպությանը 2001 թվականից: Այն, որ Հայաստանը առաջ է անցել Ադրբեջանից, փոխնախարարը բացատրում է նրանով, որ Հայաստանը ավելի վաղ էր դիմել կազմակերպությանը` 1993 թվականին: «Հայաստանը ընդունվել է որոշակի զիջումներով, սակայն այսօր բավականին թույլ տնտեսությամբ երկիրը չի կարողանում կատարել պարտավորությունները եւ դիմել է դրանք մեղմացնելու խնդրանքով»,-նշել է նա: Մ.Մամեդկուլիեւը համոզված չէ, որ ԱՀԿ-ն կբավարարի Հայաստանի խնդրանքը: