14 հունվարի 2013 - 14:07 AMT
ԿԸՀ-ն հաստատեց թեկնածուների ցանկը. Հայաստանի նախագահի պաշտոնի համար կպայքարի 8 մարդ

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց 2013թ. փետրվարի 18-ի Հանրապետության նախագահի ընտրությունների թեկնածուների գրանցման դիմումները: ԿԸՀ-ն նախագահական ընտրություններում գրանցեց ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի, Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի, ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանի, «Ռադիո հայ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրիաս Ղուկասյանի, անկուսակցական, էպոսագետ Վարդան Սեդրակյանի և «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի թեկնածությունները:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններում առաջադրման փաստաթղթեր ԿԸՀ էին ներկայացրել 15 քաղաքացիներ: Նրանցից 6-ը ԿԸՀ էին ներկայացրել ոչ լիարժեք փաստաթղթեր. բացակայում էր ընտրական գրավի վճարման անդորրագիրը, իսկ քաղաքացիներից մեկը՝ Ռոբերտ Ահարոնյանը ինքնաբացարկի դիմում ներկայացրեց, որը ԿԸՀ-ն այսօրվա նիստում որոշեց բավարարել: