11 հուլիսի 2005 - 14:04 AMT
«ԲԱԼԹԻԿԱ» ԳԱՐԵՋՈՒՐԸ ԿՐԿԻՆ ԿՀԱՅՏՆՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ
Պետերբուրգի «Բալթիկա գարեջրի ընկերություն» ԲԲԸ-ն վերսկսել է իր արտադրանքի մատակարարումը Վրաստան եւ Հայաստան, տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը: «Ընկերությունից անկախ պատճառներով մատակարարումները Վրաստան եւ Հայաստան դադարեցվել են 2004 թվականի հուլիսից: Մինչեւ արտահանման կանգնեցնելը` 2004 թվականին «Բալթիկան» Վրաստանի շուկա է մատակարարել ավելի քան 136 հազար դալ գարեջուր եւ 17 հազար դալ` Հայաստանի շուկա»,- նշել են ընկերությունում: Ընկերությունը նախատեսում է մինչեւ տարեվերջ Վրաստանի շուկա արտահանել ավելի քան 100 հազար դալ գարեջուր եւ Հայաստանի շուկա` 30 հազար դալ գարեջուր: «Բալթիկա գարեջրի ընկերություն» ԲԲԸ հիմնական բաժնետերն է BBH (Շվեդիա): Ընկերության արտադրական հրապարակները գտնվում են Սանկտ Պետերբուրգում, Տուլայում, Խաբարովսկում, Դոնի Ռոստովում, Սամարայում, ինչպես նաեւ ընկերությունը Տուլայում ունի ածիկացման գործարան եւ 32 արտահանման ստորաբաժանումներ: Ընկերությունն արտադրում է գարեջրի 36 տեսակ եւ ոչ ալկոհոլային հինգ տեսակի խմիչք: Ներկայումս «Բալթիկա» գարեջրի գործարանը իր արտադրանքն է մատակարարում աշխարհի 38 երկրի: 2004 թվականի տվյալներով` ընկերության արտահանման ծավալը, ի տարբերություն 2003 թվականի, մեծացել է 14 % եւ կազմել 11,3 մլն դալ, տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը: