14 հունվարի 2013 - 18:12 AMT
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպե՞ն հունվարի 28-ին. Հայաստանի ԱԳՆ-ն լռում է

Հունվարի վերջին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման վերաբերյալ Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունից որևէ տեղեկություն չեն հայտնում: Արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նախարարի հանդիպումների վերաբերյալ իրենք պատշաճ կտեղեկացնեն:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական SalamNews-ը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը կկայանա հունվարի 28-ին, Փարիզում:

Նա նշել է, որ հանդիպման ձևաչափը դեռ հստակեցված չէ: