15 հունվարի 2013 - 13:19 AMT
Սերգեյ Մինասյանը հույս ունի, որ Իվանիշվիլիի այցից հետո Չախալյանի գործով դրական փոփոխություն կլինի

Բիձինա Իվանիշվիլիի այցը Երևան շատ կարևոր ազդեցություն կունենա ոչ միայն հայ-վրացական հարաբերությունների, այլ նաև տարածաշրջանային զարգացումների վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Վրացական նոր իշխանությունների ձգտումը՝ բարելավել ռուս-վրացական հարաբերությունները, դրականորեն կանդրադառնան նաև հայ-վրացական հարաբերությունների վրա»,- նկատեց քաղաքագետը:

Սերգեյ Մինասյանը նկատեց, որ վրաց-ադրբեջանական հարաբերություններում նույնպես որոշակի նոր դինամիկա կա: «Ադրբեջանում զգուշավոր են վերաբերվում հայ-վրացական հարաբերություններում վերջին զարգացումներին»,-ասաց Սերգեյ Մինասյանը:

Քաղաքագետն անդրադարձավ նաև Վրաստանում տեղի ունեցած համաներման գործընթացին: Նա նկատեց, որ արդեն ազատ են արձակվել վրացահայ 3 գործիչներ: «Ես հույս ունեմ, որ Իվանիշվիլիի այցից հետո դրական փոփոխություններ տեղի կունենան նաև Վահագն Չախալյանի գործի հետ կապված: Չեմ բացառում, որ նրան ազատ արձակեն այցի ընթացքում»,- եզրափակեց Սերգեյ Մինասյանը: