14 հուլիսի 2005 - 08:16 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՀԻՄՆԱԴՐՎԻ SYNOPSYS ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ
Հայաստան է ժամանել Synopsys ընկերության փոխնախագահ Ռիչ Գոլդմանը: Այցի հիմնական նպատակն է ընկերության բարեգործական հիմնադրամի բացումը: Այդ մասին «.am» PanARMENIAN.Net խմբագրությանն է հաղորդել Synopsys Armenia CJSC SG ղեկավար Հովիկ Մուսաելյանը: Նրա խոսքերով, հիմնադրամի բացումը ընկերության ծրագրերի հերթական փուլն է: Այդ մարմնի առաքելությունը կլինի կրթական եւ սոցիալական բնույթի հարցերի լուծումը: «Այդպես սոցիալական ծրագրերի շրջանակներում նախատեսվում է ուշադրություն դարձնել մանկատնտերին, ծերանոցներին: Կան նաեւ ծրագրեր, ուղղված Հայաստանում օժտված երեխաների բացահայտմանը, երկրի դպրոցներին եւ բուհերին համակարգչային դասարանների տրամադրմանը, բնապահպանական միջոցառումների անցկացմանը եւ շատ այլ բաների»,-նշում է Հովիկ Մուսաելյանը: Կրթական ծրագրերի շրջանակներում նախատեսվում է հայկական բուհերին լսարաններ տրամադրել դիստանցիոն ուսուցման համար: Նաեւ նախատեսվում է նախագահական պարգեւի հանձնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Synopsys-ի հայկական գրասենյակի ղեկավարի խոսքերով, արդեն օրերս ընկերության տնօրենների խորհրդի կողմից, որի կազմի մեջ կընդգրկվեն Ռիչ Գոլդմանը, Տոնի Մորոյանը, Ջոն Չիլտոնը եւ Ռաուլ Կամասանոն, կհաստատվի հիմնադրամի ծրագիրը: Հիմնադրամի կառավարչի պաշտոնում նշանակվել է Հովիկ Մուսաելյանը: Հիշեցնենք, որ Synopsys կորպորացիան հանդիսանում է միկրոէլեկտրոնիկայի միկրոսխեմաների եւ համակարգերի նախագծման եւ արտադրության ոլորտի առաջատարներից մեկը աշխարհում: Synopsys-ը իր ներկայացուցչություններն ունի աշխարհի 60 երկրներում: