14 հուլիսի 2005 - 10:36 AMT
«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ» ՀԱՅ ԿԻՆՈՅԻ ԲԱՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԼԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է «Ոսկե ծիրան-2005» երեւանյան երկրորդ միջազգային կինոփառատոնին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած անվանի կինոգործիչների պատվիրակությանը, հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը:Հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել հյուրերին ակտիվ մասնակցության համար, եւ նշել է, որ փառատոնը մասնակիցների ներկայացուցչական կազմի շնորհիվ ձեռք է բերել լայն ճանաչում եւ անպայման իր ներդրումը կունենա կինոյի զարգացման գործում: Նա ցանկություն է հայտնել, որ երեւանյան կինոփառատոնը դառնա շարունակական: Ռոբերտ Քոչարյանը ցանկություն է հայտնել, որ երեւանյան փառատոնը ամենամյա դառնա: «Նման փառատոնների անցկացումը Հայաստանի համար շատ կարեւոր է»,- նշել է նախագահը եւ ավելացրել, որ «այն հնարավորություն է տալիս վերականգնել հայկական կինոյի բարի ավանդույթներն, ինչպես նաեւ հասկանալ, թե այսօր ինչ է կատարվում կինոարվեստում եւ ներգրավվել այդ գործընթացներում»: Նախագահի համոզմամբ, այն կօգնի վերականգնել նաեւ կինոթատրոններ այցելելու ավանդույթը: Ռոբերտ Քոչարյանի կարծիքով, ինչպես ցանկացած ոլորտում, կինեմատոգրաֆում եւս հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ունենալ կոնկրետ, իրատեսական ծրագիր: Իր հերթին փառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը նշել է, որ Հայաստան են ժամանել կինոարվեստում աշխարհի մեծագույնները: Նրա խոսքերով, այս տարի զգալիորեն ընդլայնվել են «Ոսկե ծիրանի» ընդգրկման աշխարհագրական սահմաններն, ինչպես նաեւ ավելացել են անվանի կինոգործիչների ֆիլմերը: Հանդիպման մասնակիցները մտքերի լայն փոխանակություն են ծավալել փառատոնի հեռանկարի, կինեմատոգրաֆիայի ոլորտում իրենց երկրների փորձի, հայկական կինոարտադրության զարգացման վերաբերյալ: