16 հունվարի 2013 - 17:26 AMT
Վլադիմիր Գասպարյանն ընտրությունների անցկացման մասին. Այս քննությունը կհանձնենք գերազանց

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոստանում է, որ ոստիկանությունը գալիք նախագահական ընտրություններում լինելու է անաչառ, անխոցելի, արդար և ժողովրդի կողքին: Նա հիշեցնում է, որ ոստիկանությունը հայտարարել է, որ գալիք նախագահական ընտրություններում իր լիազորությունների սահմաններում իր վրա լրարժեք պատասխանատվություն է վերցնում: «Բոլոր ընտրատարածքներում պատասխանատուներն արդեն նշանակված են: Դեռ ԱԺ ընտրությունների պրակտիկան ցույց տվեց, որ մեր ընտրած մարտավարությունը ճիշտ է աշխատում: Նախագահական ընտրություններն առանձնահատուկ են, և դրան մենք արդեն պատրաստ ենք: Կարծում եմ, որ ոստիկանությունը հավատարիմ կմնա իր հայտարարությանը»,- այսօր ընտրակեղծիքների գործերի քննության թեմայով Հայաստանի իրավապահ մարմինների համար կազմակերպված եռօրյա դասընթացի բացման ժամանակ ասաց Վլադիմիր Գասպարյանը: Նա տեղեկացրեց, որ արդեն ստեղծվել են օպերատիվ կառույցներ, որոնք աշխատելու են լրատվամիջոցների և դիտորդների հետ: «Ոստիկանությունն աշխատում է պատասխանատվության դաշտում: Մենք ունենք կամք և այս կարևորագույն քննությունը մենք կհանձնենք գերազանց: Հույս ունեմ, որ դիտորդները մեր փորձը կդարձնեն օրինակ»,- ասաց ՀՀ ոստիկանապետը: