17 հունվարի 2013 - 13:31 AMT
ՕԵԿ-ը նախընտրական շտաբ կունենա, Արթուր Բաղդասարյանն էլ կհանդիպի ընտրողների հետ

«Օրինաց երկիր» կուսակցությունը նախընտրական շտաբ կունենա, որը կղեկավարի ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը: Ինչպես հայտնի է, գալիք նախագահական ընտրություններում ՕԵԿ-ը սատարում է գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

«Սերտորեն համագործակցում ենք ՀՀԿ-ի հետ, նախատեսում ենք կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի այցերը բոլոր մարզեր, հանդիպումներ, նպատակն է մեր կուսակցության ընկերներին, համակիրներին ներկայացնել կուսակցության դիրքորոշումը, նաև լրացուցիչ հնարավորություն է հանդիպել ակտիվի հետ, լսել նրանց առաջարկությունները, դիրքորոշումները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խաչիկ Հարությունյանը:

ՕԵԿ նախընտրական շտաբի ղեկավարը կարևորում է այս ընտրությունները, և դրանք համարում լավ հնարավորություն` միջազգային չափանաշներին համապատսխան ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար: Նա լուրջ մրցակցություն չի տեսնում, ՕԵԿ-ում համոզված են Սերժ Սարգսյանի հաղթանակի մեջ: