Ռուսաստանի ԱԻՆ-ը մինչև տարեվերջ կավարտի 2014-ի ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ արտակարգ պատահարների դեպքում անվտանգության ապահովման նախապատրաստությունը, լրագրողներին հաղորդել է փոխնախարար Պավել Պլատը:
Հինգշաբթի օրը Դոնի Ռոստովում նրա ղեկավարությամբ ընթանում է խորհրդակցություն` նվիրված արտակարգ պատահարներից բնակչության և տարածքների պաշտպանության հարցերով ԱԻՆ Հարավային տարածաշրջանային կենտրոնի աշխատանքի արդյունքներին:
«Մենք հաշվարկել ենք ռիսկերը, որոնք կարող են լինել Օլիմպիադայի ժամանակ և հաշվի առել մարդկանց և տեխնիկայի անհրաժեշտ քանակությունը: Ավելի քան 1000 մարդ և շուրջ 300 միավոր տեխնիկա անմիջականորեն կզբաղվեն անվտանգության ապահովման հարցերով»,- Պլատի խոսքերը հաղորդում է rsport.ru-ն:
Նա հավելել է, որ նախատեսվում է մոտ 300 հոգու ներգրավել այլ շրջաններից:
«Խմբավորումը գրեթե ստեղծված է. մենք գիտենք, թե ինչպիսի ուժեր և տեխնիկա է այստեղ լինելու, ինչ է անհրաժեշտ նրանց հարմարավետության համար»,- հավելել է փոխնախարարը:
ԱԻՆ լիակատար պատրաստվածության ժամանակը պլանավորվում է արդեն այս տարվա վերջին, պարզաբանել է նա: