17 հունվարի 2013 - 14:58 AMT
2012թ. Հայաստանից շուրջ 1400 տոննա ձուկ է արտահանվել Ռուսաստան

Հայաստանից Ռուսաստան ձկան արտահանման ծավալները տարեց տարի աճում են: Ինչպես հաղորդել է հունվարի 17-ին Երևանում մամլո ասուլիսում Հայաստանի ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանը, եթե 2009-ին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել շուրջ 800 տոննա, 2010-ին` 200 տոննայով ավելի, ապա 2011-ին այդ ցուցանիշը եղել է 1200 տոննայից ավելի, իսկ 2012-ին այն կազմել է շուրջ 1400 տոննա: Ընդհանուր առմամբ, 2012-ի ընթացքում հանրապետությունում արտադրվել է շուրջ 8000 տոննա ձուկ:

Սակայն հայ արտադրողները բախվում են մի շարք խնդիրների արտադրանքը ռուսական շուկա առաքելու ժամանակ: Այսօրվա դրությամբ 1 կգ իշխանը ռուսական շուկայում վաճառվում է 520-560 ռուբլիով (շուրջ 6500 դրամ), որից 30 տոկոսն ընկերության շահույթն է, որը ներկրման իրավունք ունի, շուրջ 25 տոկոսը` իրացման կետի շահույթը: Ուստի հայ արտադրողի համար տնտեսապես շահավետ չէ առաքել այն այդքան ցածր գնով, որպեսզի կարողանա մրցել հարևան երկրների հետ:

Միությունը դիմել է Հայաստանի կառավարությանը, որպեսզի աջակցություն ստանա պետական մակարդակում արտահանման գործընթացը կազմակերպելու մեջ, որպեսզի հայ ձկնաբույծների արտադրանքը մրցունակ լինի ռուսական շուկայում: