18 հունվարի 2013 - 15:21 AMT
«Ավատարի» սցենարիստը կաշխատի «Տերմինատոր 5»-ի սցենարի վրա

«Տերմինատոր 5» ֆիլմի սցենարիստները կլինեն Լաետա Կալոգրիդիսը և Պատրիկ Լյուսեն: Այդ մասին գրում է Lenta.ru-ն` մեջբերելով Slashfilm կինոբլոգը:

Ավելի վաղ Կալոդրիգիսն աշխատել է Ջեյսմ Քեմերոնի «Ավատարի», Օլիվեր Սթոունի «Ալեքսանդրի» սցենարների վրա և ադապտացրել Դենիս Լիհեյնի «Անիծվածների կղզին» Մարտին Սկորսեզի համանուն ֆիլմի համար:

2011-ին մարդասպան կիբորգի մասին ֆիլմի իրավունքները ձեռք է բերել Մեգան Էլիսոնը` Annapurna Pictures կինոստուդիայի պրոդյուսերը: Պլանավորվել է, որ նկարահանումները կգլխավորի Ջասթին Լինը («Ֆորսաժ 5»), սակայն պարզվել է, որ նա զբաղվածության պատճառով հրաժարվել է: Ռեժիսորի տեղի նախկինի նման թափուր է:

Ապագա ֆիլմի լույսի տեսնելու ամսաթիվն առայժմ չի հաղորդվում:

«Տերմինատորի» նախորդ մասերի գլխավոր դերակատար Առնոլդ Շվարցենեգերը հերքել է նախագծին իր մասնակցության մասին լուրերը: