19 հունվարի 2013 - 14:31 AMT
Ջոնի Մելիքյան. Ադրբեջանը չկարողացավ փչացնել Իվանիշվիլիի այցը Հայաստան

Վրաստանի հոգևոր առաջնորդի և արտգործնախարարի հայտարարություններն աղավաղելով`Ադրբեջանը փորձեց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի Հայաստան այցից առաջ ամեն կերպ խնդիրներ ստեղծել, բայց Վրաստանի արագ արձագանքն ու հերքումները թույլ չտվեցին: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ևս մեկ անգամ նշեց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը և մեկնաբանեց. «Սա նշանակում է, որ Վրաստանի քաղաքականությունը փոխվում է: Նոր իշխանությունը սկսում է կոմպլիմենտար քաղաքականություն վարել»:

Փորձագետը նշեց, որ Ադրբեջանը Վրաստանի հետ էլ տարածքային խնդիրներ ունի, նկատի ունենալով Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ անցած տարի բարձացած աղմուկը: Համալիրի 80 տոկոսն Վրաստանի, 20-ը` Ադրբեջանի տարածքում է: Ադրբեջանցի սահմանապահները թույլ չէին տվել վրացի հոգևորականներին անցնել սահմանն ու համալիր մտնել:

«Խնդիրը լուծելու փորձեր եղան, բայց այն դեռ առկա է: Վրաստան-Ադրբեջան սահմանի երկարությունը 480 կմ է, որից 180 կմ-ի դեպքում ամեն ինչ չէ, որ հարթ է», - ասաց Ջոնի Մելիքյանը: