20 հունվարի 2013 - 15:22 AMT
ԿԱՐԾԻՔ
Սահմանի վերաբերյալ Մինսկի խմբի նախկին համանախագահի անաչառության սահմանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Բաքվում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան այդպես էլ չի համակերպվում իր անվան կողքին հաճախ նշվող նախկին բառի հետ: Փայլուն մեկնարկած դիվանագիտական կարիերայի ոչ այնքան բարենպաստ վախճանից հետո էլ նախկին դիվանագետը շարունակում է Լեռնային Ղարաբաղի մասին մեկնաբանություններ տալ: Իսկ նրան, որպես դիվանագետ դրսևորվելու հարթակ, արդբեջանական լրատվամիջոցները պատրաստ են ծառայել սրտի ուզածի չափ:

Թրքուհի Զեյնո Բարանի ամուսինն իրեն հայկական սփյուռքի զոհ հայտարարելուց, հայերին վրեժխնդրության փորձի մեջ մեղադրելուց ու դիվանագիտական աշխատանքը թողնելուց հետո հիմա խոշոր գործարքների խորհրդատվությամբ է զբաղվում: «Հիմա» ձևակերպման հետ կարող եք չհամաձայնել: Բրայզայի մասնագիտական որակների նախկին ու ներկա դրսևորումները մեծ կասկածի տակ են առնում որպես դիվանագետ նրա անաչառությունը: Չնայած ինքը Մինսկի խմբի միջնորդի պաշտոնում իր անկողմնակալության ձգտումների մասին նշելու առիթը բաց չէր թողնում:

Անկողմնակալության լավագույն ապացույցը կլիներ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին իր կարծիքով այդ երկրի մամուլում աստղային ժամը վայելեու փոխարեն անկողմնակալությունը պահպանել շարունակելը: Բայց… միայն վերջին հայտարարության մասին` Բրայզայի կարծիքով Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը կարող է հանգեցնել Ղարաբաղի խնդրի շուրջ լարվածության գագաթնակետին, քանի որ Ադրբեջանը կարող է միջազգային իրավունքի շրջանակում պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը: Իսկ Սաֆարովի արտահանձնումից հետո այս «անաչառ» մարդը միայն արձանագրեց` ռազմավարական սխալ էր Ադրբեջանի կողմից:

Անի Ավետյան / PanARMENIAN News