Հունվարի 20-27-ը Չեխիայի Լիբերեց քաղաքում անցկացվում է դահուկասպորտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Գագիկ Սարգսյանը, այնտեղ հանդես են գալու 2 հայ մարզիկներ` Սերգեյ Միքայելյանը և Թադևոս Պողոսյանը:
Իսկ փետրվարի 3-7-ը Ծաղկաձորում կայանալու է Հայաստանի առաջնությունը, որն ընդգրկված է դահուկասպորտի միջազգային ֆեդերացիայի օրացույցում: Մասնակցելու են մոտ 50 հայ դահուկորդներ և ևս 3-4 մարզիկներ Չեխիայից, Ավստրիայից, և ամենայն հավանականությամբ` նաև Վենեսուելայից: Առաջնությունը հնարավորություն կտա դահուկորդներին վաստակել վարկանշային միավորներ:
Այս ստուգատեսից հետո կկազմավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի Իտալիայում կայանալիք մեծահասակների աշխարհի առաջնությանը: