21 հունվարի 2013 - 15:04 AMT
Պետրոս Մակեյան. Մեր օրակարգում Կոնգրեսից դուրս գալու հարց չկա

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության խնդիրը իրավիճակի փոփոխությունն է, բայց դա հնարավոր չէ առանձին Հրանտ Բագրատյանի, Ռաֆֆի Հովհաննիսյանի ու Պարույր Հայրիկյանի հետ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ու ավելացրեց, որ երեքը միասին կարող են ուժային կենտրոն ստեղծել, որին իրենք պատրաստ են աջակցել:

Անդրադառնալով ՀԱԿ-ին թաղելու, ՀԱԿ-ի մեռնելու մասին տարածվող խոսակցություններին` Պետրոս Մակեյանը նշեց, որ ՀԱԿ-ում ճգնաժամ է և դրա ապացույցը ԱԺ ընտրություններում ընդամենը 7 տոկոսի շեմը հաղթահարելն ու նախագահական ընտրություններում դիտորդի դերով բավարարվելն է: Այնուամենայնիվ նա նշեց. «Կոնգրեսը նվիրյալների, մտահոգների բանակ է, որը նվազել է, բայց մեր մնալը պարտադիր է: Մեր օրակարգում դուրս գալու հարց երբեք չի եղել ու հիմա էլ չկա»: