21 հունվարի 2013 - 15:46 AMT
Լենս Արմսթրոնգի պատմությունը կէկրանավորվի

Paramount և Bad Robot-ը գնել են դոպինգի օգտագործման համար ցմահ որակազրկված հեծանվորդ Լենս Արմսթրոնգի կարիերայի մասին պատմող գրքի էկրանավորման իրավունքը: Արմսթրոնգը երկար ժամանակ հերքում էր իր մեղքը, սակայն այս շաբաթ Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցում հրապարակավ խոստովանեց, որ ընդունել է արգելված դեղամիջոցներ, գրում է kinopoisk-ը:

«Cycle of Lies: The Fall of Lance Armstrong» («Ստի շրջանակը՝ Լենս Արմսթրոնգի անկումը») գրքի հեղինակն է The New York Times-ի սպորտային մեկնաբան Ժուլյետ Մակուրը:

Սա առաջին նախագիծը չէ Արմսթրոնգի մասին: Sony Pictures-ը մտադիր էր նույնպես ֆիլմ նկարահանել նրա մասին, նույնիսկ ասվում էր, որ գլխավոր դերում հանդես է գալու Ջեյք Ջիլենհոլը: 2013-ին նաև կթողարկվի «Լենս Արմսթրոնգ՝ ճանապարհ դեպի ետ» փաստագրական ֆիլմը: