21 հունվարի 2013 - 16:45 AMT
ԵԽ-ՀՀ գործակցության դաշտում կրթությունը կմնա գերակա ուղղություն

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին: Ինչպես PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԿԳՆ-ից, նախարարը, հյուրի հետ զրույցում վստահություն է հայտնել, որ կրթության և գիտության ոլորտում Հայաստանի և Եվրոպայի Խորհրդի համագործակցությունը հետայսու ևս արդյունավետ ընթացք կունենա: Արմեն Աշոտյանը կարևորել է Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցությունը` նշելով, որ վերջինս հանդիսանում է նախարարության հիմնական գործընկերներից մեկը, մասնավորապես, բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների և Բոլոնիայի գործընթացի համատեքստում Որակավորումների ազգային շրջանակի ներդրման գործընթացներում:

ԵԽ Գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերի արդյունքում երկու կողմերի համագործակցության դաշտում կրթության ոլորտը կմնա որպես գերակա ուղղություն: Օլեքսանդր Պավլյուկը վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կգործադրի՝ աջակցելու 2012-2014թթ. Հայաստան-Եվրախորհուրդ գործողությունների պլանում կրթական ծրագրերն արդյունավետ կյանքի կոչելու համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի` Բոլոնիայի նախագահության քարտուղարության ստանձնման, «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և ֆինանսավորման մեխանիզմների, ինչպես նաև հատուկ դպրոցներում մշտադիտարկում իրականացնող հասարակական խմբի աշխատանքներին: Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են նաև մայիսին մեկնարկող Եվրոպայի Խորհրդում ՀՀ նախագահության ընթացքում արդյունավետ համագործակցության ապահովումը: