21 հունվարի 2013 - 18:09 AMT
Օլեքսանդր Պավլյուկը կաջակցի Հայաստանին ԵԽ-ում նախագահության շրջանում

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է պարոն Պավլյուկին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր գործունեություն: «Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Դուք Հայաստանում Ձեզ լավ զգաք և Ձեր առաքելությունն իրականացնեք առանց որևիցե խոչընդոտի: Մենք շահագրգռված ենք դրանում, քանի որ Ձեր մանդատի շրջանակում իրականացվելիք ծրագրերը համապատասխանում են ՀՀ կառավարության ծրագրային փաստաթղթերին», - նշել է վարչապետը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Եվրոպայի խորհրդի նորանշանակ ղեկավարն ընդգծել է, որ այս տարի Հայաստանը նախագահելու է ԵԽ-ի նախարարների կոմիտեում, ինչը հնարավորություն կտա զարգացնել Երևանի և Ստրասբուրգի միջև համագործակցությունը: Նա պատրաստակամություն է հայտնել իր առաքելության շրջանակում աջակցել ՀՀ իշխանություններին ԵԽ-ում նախագահության և Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014 թթ. Գործողությունների ծրագրի իրականացման առումով:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության գերակա ուղղությունների և հեռանկարների վերաբերյալ, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: