22 հունվարի 2013 - 16:26 AMT
Թուրք մտավորականների 90 տոկոսը Հայաստանին պաշտպանելիս անկեղծ է

«Հայեր, ներեցեք մեզ» արշավի մասնակիցներից մեկը` թուրք պատմաբան Բասքըն Օրանը հայտարարել էր, որ այդ արշավը կազմակերպելու համար Թուրքիան պետք է իրենց շնորհակալություն հայտնի, քանի որ դրանով նրանք խոչընդոտում են Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը:

Ցեղասպանությունը ճանաչող ու սեփական պետության դեմ դուրս եկած թուրք մտավորականների անկեղծությունն այս ու նման հայտարարություններից հետո Հայաստանում կասկածի տակ առան: Այս օրերին Երևանում է թուրք մտավորական Ռագըփ Զարաքօլուն, ով մեկ անգամ չէ, որ հալածվել է Ցեղասպանության հարցում իր դիրքորոշման համար: Նրա որդին այս պահին բանտում է, բայց քրդական խնդրի պատճառով:

Իր նմանների անկեղծության մասին հարցին պատասխանելով` թուրք հրատարակիչն ասաց. «Մտավորականների մեջ կան տարբեր հայացքներ ունեցող մարդիկ, բայց 90 տոկոսին, որ մասնակցել են ապրիլի 24-ի ցույցերին, կարող եք հավատալ»:

«Հայեր, ներեցեք մեզ» արշավը թուրք մտավորականները սկսվել է Թուրքիայում, 2008թ. դեկտեմբերի 15-ին: Նախաձեռնության հեղինակներն են Ստամբուլի Բանչելի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բաշկին Օրանը և Թուրքիայի ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ և հասարակական գործիչներ:

Նրանց հայտարարության մեջ ասվում է. «Ես չեմ կարող գիտակցաբար անտարբերություն ցուցաբերել և ժխտել այն մեծ աղետը, որը հայերը վերապրել են 1915 թվականին՝ Օսմանյան կայսրությունում։ Ես հերքում եմ այդ անարդարությունը և գործելով իմ անունից՝ կիսում եմ իմ հայ եղբայրների և քույրերի ցավը՝ նրանցից ներողամտություն հայցելով»։

Համացանցում տարածված հանրագրին միացել է 30.000 մարդ: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել էր, որ մտավորականները կարող են ազատ արտահայտել իրենց մտքերը, իսկ վարչապետ Էրդողանը նշել՝ Թուրքիան մեղք չի գործել, որ ներողություն խնդրի։