22 հունվարի 2013 - 17:04 AMT
Ազգային արխիվի տնօրեն. Հայաստանցիները հետաքրքրվում են իրենց տոհմի ծագումնաբանությամբ

2012 թվականին Ազգային արխիվը սպասարկել է 25800 քաղաքացու, 1800-ով ավելի, քան նախորդ տարի: Նրանցից 23000-ը ստացել են դրական պատասխաններ, մյուսների դիմումները մերժվել են, որովհետև 1990-ականների էներգետիկ ճգնաժամի ընթացքում ոչնչացվել են նրանց պահանջած փաստաթղթերը: Տեղեկությունն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրել է Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Սպասարկված քաղաքացիներից շատերին հետաքրքիր է իրենց տոհմի ծագումնաբանությունը, իրենց պատմական բնակավայրը, տեղեկանք են ուզում այն մասին, որ իրենց պապերը փախել են Թուրքիայից:

«Արխիվում պահվում է 4 մլն փաստաթուղթ: Ամենահին փաստաթուղթը 1223 թվականի Կիլիկյան թագավորի Ֆրանսիա ուղարկված նամակ է, որը գրված է լատիներեն, բայց ստորագրված է հայերեն»,-ասաց Ամատունի Վիրաբյանը:

Արխիվի տնօրենն ասաց, որ բավականին աշխատանք է արված նյութերի թվայնացման առումով: «1000 վավերագրական ֆիլմից, որոնք պահվում են արխիվում, թվայնացված է 300-ը: Նախատեսվում է 2014-ին ավարտել ֆիլմերի թվայնացումը: Փաստաթղթերի թվայնացումը սկսվել է 2011-ին, երբ թվայնացվել է 60 000 էջ փաստաթուղթ, 2012-ին` 220.000 թերթ փաստաթուղթ է թվայնացվել կամ մեր ունեցածների 0,05%-ը, որը դեռևս շատ քիչ է»,- ասաց Ամատունի Վիրաբյանը:

Թվայնացման խնդիրը ավելի արագ տեմպերով լուծելու համար Ամատունի Վիրաբյանը նշեց, որ կառավարության 2013 թվականի աշխատանքի հայեցակարգում ներառվել է արխիվը ժամանակակից տեխնոլոգիաներով զինելը, ներքին կոորպորատիվ ցանցի ստեղծումը: Տնօրենի խոսքով՝ արխիվի աշխատանքն առավել արդյունավետ կդառնա, եթե արխիվագետի մասնագետը կշիռ ունենա, իսկ կշիռ կունենա, եթե բարձր աշխատավարձ ստանա: Այսօր նրա միջին աշխատավարձը 61 հազար դրամ է: