23 հունվարի 2013 - 14:16 AMT
Մինչև շաբաթվա վերջ հայտնի կդառնա, թե ուր կտեղափոխվի Մեխիկոյում Ալիևի հուշարձանը

Մեխիկոյի քաղաքապետ Միգել Անխել Մանսերան հայտարարել է, որ քաղաքային իշխանությունները քաղաքի կենտրոնից կտեղափոխեն Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանը: Նրա խոսքով, նոր վայրը կորոշվի մինչև շաբաթվա վերջ: Ալիևի հուշարձանը կտեղափոխվի քաղաքային բյուջեի հաշվին:

Հունվարի կեսին Մեքսիկայի դաշնային վարչական դատարանը մերժել է ադրբեջանական դեսպանատան բողոքը, որը փորձում էր հասնել նրան, որպեսզի Հեյդար Ալիևի հուշարձանը չապամոնտաժվի: Այս մասին գրում է Cronica-ն:

Հուշարձանը նախորդ ամռանը տեղադրվել է Մեխիկոյի կենտրոնական պուրակում: Ընդ որում, հաղորդվում է, որ ադրբեջանական կողմը պուրակի վերակառուցման համար ներդրել է 5 մլն դոլար:

Մեքսիկական իշխանությունների՝ Ադրբեջանի երրորդ նախագահի հուշարձանի տեղադրման որոշումը քննադատվել է իրավապաշտպանների կողմից:

Ինչպես հաղորդում է Բի-բի-սին, նոյեմբերի վերջին փորձագիտական հնաձնաժողովը խորհուրդ է տվել քաղաքային իշխանություններին Հեյդար Ալիևի հուշարձանը կենտրոնական պուրակից տեղափոխել մեկ այլ վայր: Փորձագետները եկել են այն եզրակացության, որ հուշարձանը ներդաշնակ չէ Մահաթմա Գանդիի, Աբրահամ Լինքոլնի և Մեքսիկայի ազգային հերոսների հուշարձանների հետ: Քաղաքային իշխանություններն առայժմ վերջնական որոշում չեն կայացարել:

Ինչպես փոխանցում է ABC.az-ը, ադրբեջանական դեսպանատունը դեմ է հանդես եկել Ալիևի հուշարձանի ապամոնտաժմանը: «Եթե հուշարձանը հեռացվի, ապա դա անկասկած կհանգեցնի Մեքսիկայի և Ադրբեջանի հարաբերությունների վատացմանը, ներդրումներ չեն իրականացվի և ծայրահեղ դեպքում դեսպանատունը կփակվի»,-նախազգուշացրել է Ադրբեջանի դեսպան Իլգար Մուխտարովը:

Շրջանային դատարանը 2012թ նոյեմբերին, դիտարկելով հուշարձանի ապամոնտաժումն արգելող հայցը, որոշում է կայացրել մերժել այն: Նմանատիպ որոշում է կայացրել նաև Դաշնային վարչական դատարանը հունվարի 9-ին: