23 հունվարի 2013 - 14:11 AMT
Փորձագետ. Իշխող վարչախումբը շարունակում է լեգիտիմության մեծ դեֆիցիտ ունենալ

Իշխող վարչախումբը շարունակում է ունենալ լեգիտիմության մեծ դեֆիցիտ և ընտրություններին մասնակցում է իր ուսերին ծանրացած բազմաթիվ չլուծված խնդիրներով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ> փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը:

«Սարգսյանն ու իր թիմը հաշվի են առնում, որ մի կողմից՝ ընդդիմադիր ուժերի ճակատում կոնֆլիկտային, անորոշ իրավիճակ է, և չկա հզոր ընդդիմադիր շարժում, մյուս կողմից՝ միջազգային հանրության հստակ մեսիջը կա, որ վարչախմբի համար խիստ անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները և Արևմուտքի կողմից որոշակի քաղաքական աջակցությունը կտրամադրվեն այն դեպքում, եթե ընտրությունները միջազգային հանրության կողմից ավելի լավ գնահատականի կարժանանան: Գործող նախագահը սեփական իշխանության վերարտադրումն ապահովելու համար ընտրել է «փափուկ», մանիպուլյատիվ քաղաքականության մարտավարությունը»,- նկատեց փորձագետը:

Էդգար Վարդանյանը կարծում է, որ գործող նախագահն ընտրություններին կիրառելու է վարչական ռեսուրսը և ընտրական փաստաթղթերի հետ կատարվող զանգվածային մեքենայությունները: «Վարչախումբը որոշակի, այսպես ասած, «լուսանցքներ» է բացել, մի կողմից՝ հասարակությունում կուտակված դժգոհությունը դրանց միջոցով դուրս հանելու, մյուս կողմից էլ՝ Արևմուտքի առջև ռեֆորմատորի կերպար ստեղծելու նպատակով»,- պարզաբանեց նա: