23 հունվարի 2013 - 19:30 AMT
Սերժ Սարգսյանը ներկայացրել է «Հայաստան-Իրան» երկաթուղու կառուցման աշխատանքները

Մեղրիում նախընտրական հանդիպումը Սերժ Սարգսյանն սկսել է պատմական էքսկուրսով՝ անդրադառնալով միջին դարերում շատ ու շատ պետություններում և նաև հայկական իրականության մեջ տարածված այն պրակտիկային, երբ պետության սահմանների պաշտպանության գործը վստահվում էր բացառապես տվյալ երկրի ամենատոկուն, ամենաքաջ ու ամենավստահելի համարումն ունեցող տոհմերին և ընտանիքներին: Ժամանակները փոխվել են և վաղուց արդեն երկրի պաշտպանության առաջնային առաքելությունն իր վրա է վերցրել կանոնավոր բանակը, բայց, Նախագահի թեկնածուի խոսքով, ինչպես այն ժամանակներում, այնպես էլ այսօր, չի կարող լինել ավելի բարձր պատիվ, քան երկրի սահմանների բնական պահապանն ու պաշտպանը լինելը: «Ավելորդ է ասել, որ դուք եք մեր երկրի հարավային դարպասների բնական պաշտպանները` ձեր տոկունությամբ, ձեր աշխատասիրությամբ, ձեր քրտնաջան աշխատանքով, ձեր ձգտումներով ու խաղաղասեր երազանքներով, ինչի համար ուզում եմ ձեզ շնորհակալություն ասել և երախտապարտ լինել»,-մեղրեցիներին ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահի թեկնածուն Մեղրիի բնակիչներին ներկայացրել է նաև այդ տարածաշրջանի և ամբողջ Հայաստանի համար կարևորագույն երկու խոշորամասշտաբ ծրագրերի՝ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի և «Հայաստան-Իրան» երկաթուղու կառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, խոսել՝ հարևան Իրանի հետ հարաբերությունների և զարգացող համագործակցության մասին: