23 հունվարի 2013 - 19:32 AMT
Սերժ Սարգսյանը` Քաջարանում. Անցել են ժամանակները, երբ հանքարդյունաբերությունը զարգանում էր ամեն գնով

Սյունիքի մեկ այլ բնակավայրում՝ Քաջարանում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն առանձնահատուկ կարևորել է բնապահպանական խնդիրները: «Արտադրությունը և մասնավորապես արդյունաբերությունը` հանքաարդյունաբերությունն իհարկե, շատ լավ բան են: Բայց անցել են այն ժամանակները, երբ դա արվում էր ամեն գնով, այդ թվում և՝ մարդկանց առողջության ու բնությունն անվերադարձ քայքայելու գնով: Այսօր այս հարցերում մենք որդեգրել ենք ավելի հեռատես քաղաքականություն, որ հիմնված չէ այսրոպեական շահի վրա: Այն նկատի է առնում մեր ունեցած բնական համեստ ռեսուրսները խելամտորեն տնօրինելու և շահագործելու կարևորությունը: Մենք չենք փորձելու այսօրվա հարցեր լուծել՝ վտանգելով ապագան»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Կապանում ընտրողների հետ հանդիպմանը ևս ՀՀ նախագահի թեկնածուն շեշտել է, որ իր համոզմամբ, ապահով Հայաստանի հիմքն են խաղաղությունն ու աշխատանքը: «Սյունիք-Լեռնահայաստանը ինձ համար առանձնահատուկ մեկնակետ է: Ինձ համար «Ապահով Հայաստանը» երազանք չէ, այլ շատ որոշակի ծրագիր, որ հնարավոր է իրականացնել հստակ փուլերով և հստակ ժամկետներում: «Ապահով» չի նշանակում միայն «անվտանգ»: «Ապահով» նշանակում է նաև «ապահովված»: Համակողմանիորեն ապահովված Հայաստան և համակողմանիորեն ապահովված քաղաքացի. ահա մեր նպատակակետը»,-ասել է Սերժ Սարգսյանը և ներկայացրել գալիք տարիներին տնտեսական առաջընթացին միտված ծրագրերը, որոնք ապահովելու են նաև փոքր և միջին ձեռնարկություններում նորարարությունների ներդրման խրախուսման, ֆինանսական ռեսուրսների մատչելիության բարձրացման և հարկային դաշտի ու վարչարարության պարզեցման արդյունքում:

«Մենք պատերազմում հաղթանակած պետություն ենք: Մեր ներքին քաղաքականությունը, որն ուղղված է երկրում ժողովրդավարության խորացմանը և օրենքի գերակայության հաստատմանը, էականորեն բարեփոխել է մեր հասարակության մեջ առկա քաղաքական տրամադրությունները և նույնիսկ երկրի դիմագիծը: Մեր արտաքին քաղաքական դիրքորոշումները համերաշխ են միջազգային կառույցների մոտեցումներին: Մենք հիմքեր ունենք վստահորեն առաջ շարժվելու զարգացման բոլոր ուղղություններով»,-սյունեցիներին ասել է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն ու կոչ արել քվեարկել այնպես, ինչպես նրանց խիղճն է թելադրում, և ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությունները, Սերժ Սարգսյանի համոզմամբ, արժանի կլինեն մեր ժողովրդին: