23 հունվարի 2013 - 20:02 AMT
Բելգիայում ապրող բռնցքամարտիկ Արսեն Սարգսյանը Հայաստանում է

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանըն այսօր հանդիպում է ունեցել Բելգիայի Թագավորության Վալոնիա մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Սերժ Հենդրիսի և Բելգիայում ապրող մեր հայրենակից, բռնցքամարտիկ Արսեն Սարգսյանի հետ: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հյուրերը ներկայացրել են բռնցքամարտի ոլորտում հայ-բելգիական համագործակցության ծրագիր, որի մեկնարկն արդեն տրվել է նախորդ տարի Բրյուսելում բելգիահայերի և բելգիացիների համատեղ ուժերով կամակերպված բռնցքամարտի մրցաշարով: Միջոցառման կազմակերպմանը մեծապես նպաստել է Վալոնիայի բռնցքամարտի ֆեդերացիան, իսկ հասույթն ուղղվելու է Հայաստանի մանկատներին, հատկապես՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին օգնությանը: Բռնցքամարտիկ Արսեն Սարգսյանը պատմել է, որ Սերժ Հենդրիսի հետ իրենք արդեն հասցրել են լինել Հայաստանի մանկատներում, ծանոթանալ խնդիրներին և հույս հայտնեց, որ հայ-բելգիական համագործակցությունը բռցքամարտի ասպարեզում թույլ կտա պարբերական դարձնել նմանատիպ միջոցառումները, իսկ հասույթներով հնարավոր կլինի օգնել հայ կարիքավոր երեխաներին:

Բելգիացի հյուրերը նաև նշել են, որ իրենք պատրաստ են օժանդակել հայ բռնցքամարտիկներին Բելգիա մեկնելու և այնտեղ մրցաշարերի մասնակցելու հարցում:

Արտակ Դավթյանը, ողջունելով նախաձեռնությունը, տեղեկացրել է, որ Ազգային ժողովում գործում է հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խումբ, որը սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ: Նրա խոսքով՝ հայ-բելգիական սպորտային համագործակցությունը, որի նպատակն է օգնել մանկատան երեխաներին, արդյունավետ նախաձեռնություն դառնալու մեծ հեռանկարներ ունի: