22 հուլիսի 2005 - 11:33 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ
Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանն այցելել է Վենետիկ, ուր հանդիպել է Վենետոյի նահանգապետ Ջիանկառլո Գալանի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Այցի նպատակն էր քննարկել աշնանը Հայաստանում կազմակերպվելիք Իտալիա-Հայաստան բարեկամության օրերի անցկացումը` նկատի ունենալով, որ մշակութային այդ խոշոր միջոցառումների մեջ կենտրոնական տեղ է գրավում Վենետիկի Սուրբ Ղազար կղզու գանձերի ցուցադրությունը: Ջիանկառլո Գալանը բարձր է գնահատել այդ նախաձեռնությունը` նշելով, որ Վենետոյի իշխանությունները պատրաստ են գործուն մասնակցություն ունենալու միջոցառումներին եւ սիրով ընդունել է այդ օրերին Հայաստան այցելելու դեսպանի հրավերը: Մինչեւ Վենետիկ կատարած այցը, դեսպանը Հռոմում հանդիպել է Իտալիայի ԱԳՆ Մշակութային զարգացման գլխավոր տնօրինության ղեկավար Աննա Բլեֆարի Մելացցիին, որի հետ քննարկել է Իտալիա-Հայաստան բարեկամության օրերի անցկացմանը վերաբերող հարցեր: